Պայթյուն և հրդեհ Նորամարգ գյուղում. հրշեջները 3 ժամում են մարել կրակը

2022-07-20 04:11:52 1048 դիտում

Պայթյունին հաջորդած հրդեհի հետևանքով այրվել են տան տանիքի կառուցատարրերը, առաստաղն ու կենցաղային իրերը։ Արարատի մարզի Նորամարգ գյուղում գազի բալոն է պայթել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 19-ին` ժամը 23:11-ին, ահազանգ է ստացել, որ նշված գյուղում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 23-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչից փլուզվել է տան ճակատային հատվածը (մոտ 6 քմ): Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 20-ին` ժամը 00։15-ին, մարվել՝ 02:02-ին: Այրվել են տան տանիքի (450 քմ) կառուցատարրերը (մոտ 300 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր: