Ինչ կենսագրություն ունեն Մասիսի համայնքապետի թեկնածուները

2021-11-15 14:55:17 2137 դիտում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն էլ Արարատի մարզի Մասիս համայնքն է: Մասիսում համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի ներկայիս ղեկավարն է՝ Դավիթ Համբարձումյանը: Նա ծնվել է 1986 թվականին Մասիս քաղաքում: Ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը: 2003-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ: 2007-2010 թվականներին Մասիսի քաղաքապետը սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ: Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է «Գոռ և Դավիթ» ԱԿ/-ում՝ որպես ընկերության տնօրեն: 2011 թվականից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014 թվականից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ: 2015 թվականի նոյեմբերից մինչ 2016 թվականի նոյեմբեր ամիսն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)-ում՝ որպես ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալ: Համբարձումյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: 2016 թվականի նոյեմբերի 14-ից ստանձնել է Մասիս քաղաքի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած է, ունի 1 դուստր և 3 որդի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: Հայրապետյանը ծնվել է 1965 թվականին Մասիսի շրջանի Մարմարաշեն գյուղում։ 1982 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1983-85 թվականներին Հայրապետյանը ծառայել է խորհրդային բանակում։ 1985-88 թվականներին աշխատել է Մասիսի հացի գործարանում։ 1988-93 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1989-98 թվականներին մասնակցել է Երասխի, Տավուշի, Կրասնասելսկի, Շահումյանի, ԼՂՀ Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջանների պաշտպանական եւ ազատագրական մարտերին։ 1993-94 թվականներին էլ՝ Լաչինի, Հադրութի, Մարտակերտի եւ Հորադիզ տարածքի բնակավայրերի ազատագրական եւ պաշտպանական մարտերին։ 1995-98 թվականներին էլ Հայրապետյանը մասնակցել է Հորադիզ տարածքի բնակավայրերի սահմանների պաշտպանությանը՝ որպես գումարտակի հրամանատար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն 1995 թվականից նաև ԵԿՄ անդամ է։ 2001-2003 թվականներին Սայեն Հայրապետյանը սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան։ 2003-2008 թվականներին եղել է ՀՀ ՊՆ մարտական վարչության շտաբի պետ։ 2008 թվականին, իր դիմումի համաձայն, ազատվել է ՊՆ-ից և ԵԿՄ-ից։ 2019 թվականին վերականգնվել է ԵԿՄ-ում՝ որպես Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահ։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից որպես Մասիսի վաշտի հրամանատար (հերթափոխով՝ 400 կամավորականների հետ) մասնակցել է 44-օրյա պատերազմին Քարվաճառի ուղղությամբ։ 2020 թվականից Հայրապետյանը ԵԿՄ Արարատի մարզխորհրդի նախագահն է։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։