Այսօր Մասիս քաղաքում նշվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

2022-12-03 18:17:00 413 դիտում

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայաստանի առաջին լուսավորիչ առաքյալների տոնը սահմանված է նաև որպես Մասյացոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օր: Ընդառաջելով Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Թադեոս եկեղեցի էր բերվել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար: Տոնի խորհրդով պայմանավորված՝ Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, կազմակերպել էին մի շարք միջոցառումներ: Տոնական օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց քայլերթով, որի մասնակիցները ներկա գտնվեցին Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին: Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ մատաղի արարողություն: Տոնական օրն ամբողջացրեց Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպված գեղարվեստական միջոցառումը, որի սկիզբն ազդարարվեց Տերունական աղոթքով: Այնուհետ բեմահարթակը տրամադրվեց «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթին, որն իր գեղեցիկ կատարումներով հանդիսականներին պարգևեց հաճելի պահեր: