ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

2026-09-13 04:30:29 202 դիտում

Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Մասիս համայնքի օրվա առթիվ։ Մասիս համայնքի օրը պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անցած ճանապարհը գնահատելու, ունեցած ձեռքբերումներով հպարտանալու, առկա խնդիրների մասին խոսելու և ապագայի մեր նպատակները ևս մեկ անգամ վերարժևորելու գեղեցիկ առիթ է։ Մասիսը մեզ համար պարզապես բնակավայր չէ։ Մասիսը մեր տունն է, մեր մանկությունը, մեր ընտանիքները, մեր հիշողություններն ու մեր երազանքները։ Այստեղ է մեր անցյալը, այստեղ ենք մենք այսօր և այստեղ ենք ուզում տեսնել մեր երեխաների ու թոռների ապագան։ Սիրելի՛ բնակիչներ, Վերջին տարիներին մեր համայնքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ ու ծրագրեր։ Բարեկարգվել են փողոցներ ու բակեր, կառուցվել և վերանորոգվել են խաղահրապարակներ ու հանրային տարածքներ, իրականացվել են ասֆալտապատման, լուսավորության, կանաչապատման և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ Զուգահեռաբար կյանքի են կոչվում կրթական, մշակութային, մարզական և սոցիալական տարբեր ծրագրեր։ Այս ամենի հետևում, սակայն, միայն թվերն ու կատարված աշխատանքները չեն։ Դրանց հիմքում մեր բնակիչների պահանջներն են, տարիներ շարունակ բարձրաձայնված խնդիրներն ու ավելի լավ, արժանապատիվ և հարմարավետ պայմաններում ապրելու նրանց իրավունքը։ Իհարկե, դեռ շատ անելիքներ ունենք։ Եվ ես դա շատ լավ գիտակցում եմ։ Մեր յուրաքանչյուր բնակավայր ունի իր խնդիրներն ու առաջնահերթությունները, և մեր աշխատանքը շարունակվելու է՝ համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքով։ Ես հավատում եմ, որ միասին կարող ենք ունենալ այն Մասիսը, որի մասին բոլորս երազում ենք՝ մաքուր, կանաչ, լուսավոր, բարեկարգ, զարգացած և հարմարավետ համայնք։ Սիրելի՛ բնակիչներ, Այսօր մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ մեծից փոքր, ձեր ամենօրյա աշխատանքի, հոգատարության, համբերության և Մասիսի նկատմամբ ունեցած սիրո համար։ Առանձնահատուկ խոնարհումս եմ հայտնում հերոսածին մայրերին։ Հավերժ փառք ու խոնարհում մեր անմահացած հերոսների հիշատակին։ Նրանց սխրանքն ու նվիրումը մեր համայնքի և մեր երկրի պատմության անբաժանելի մասն են, իսկ նրանց հիշատակը՝ միշտ վառ։ Սիրելի՛ բնակիչներ, Թող յուրաքանչյուր ընտանիքում լինի խաղաղություն, սեր, առողջություն և բարեկեցություն։ Թող մեր երեխաները մեծանան ապահով ու արժանապատիվ միջավայրում, կրթվեն, ստեղծագործեն և իրենց ապագան կառուցեն հենց այստեղ՝ իրենց հարազատ Մասիսում։ Եվ թող մեր համայնքի յուրաքանչյուր բնակավայր ամեն օր մի փոքր ավելի գեղեցիկ, բարեկարգ ու հարմարավետ դառնա։ Տո՛նդ շնորհավոր, Մասիս։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված