ԱՆՑԿԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՂԱՇԱՐ

2026-07-15 10:32:55 208 դիտում

Շախմատի միջազգային օրվան ընդառաջ Մասիս համայնքում անցկացվեց շախմատի խաղաշար, որին մասնակցեցին Մասիս համայնքի, ինչպես նաև Արարատի մարզի այլ համայնքների պատանի շախմատիստներ։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, ով իր խոսքում կարևորեց շախմատի նշանակությունը երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման, տրամաբանական մտածողության, համբերատարության ու հաղթելու կամքի ձևավորման գործում՝ ընդգծելով, որ համայնքը շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին և խրախուսել պատանիների մասնակցությունը մտավոր մարզաձևերին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, ով բարձր գնահատեց համայնքում շախմատի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ Օրվա ամենասպասված իրադարձությունը միաժամանակյա խաղաշարն էր, որն անցկացրեց Հայաստանի գործող չեմպիոն, շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը։ Պատանի շախմատիստները բացառիկ հնարավորություն ունեցան մրցելու անվանի գրոսմայստերի հետ, ստանալու նրա խորհուրդներն ու ձեռք բերելու նոր փորձառություն։ Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց շախմատի կարևոր դերը երիտասարդ սերնդի մտավոր զարգացման, ռազմավարական մտածողության ձևավորման և առողջ մրցակցային միջավայրի կայացման գործում։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված