Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բակում տեղի ունեցավ Ռ. Սիմոնյանի, ում ավելի շատ ճանաչում էին որպես Ռաֆո, հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուրի բացման արարողություն: Մինչ սպիտակ սավանը հերոսի հարազատները կիջեցնեին խաչքարի վրայից, Մասիս քաղաքի Սբ. Թադևոս եկեղեցու քահանա Տեր Եզնիկի կողմից հնչեց Տերունական աղոթք, ապա նա իր խոսքն ուղղեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած բոլոր հերոսներին, հերոսածին մայրերին, այնուհետև նրա ձեռամբ տեղի ունեցավ օծումը: Դրանից հետո հերոս Ռաֆոյի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան երեք պատերազմներին մասնակցություն ունեցած քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին: Միջոցառմանը ներկա էին Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուներ Դավիթ Համբարձումյանն ու Սայեն Հայրապետյանը, ովքեր նույնպես ծաղիկներ խոնարհեցին: Հայաստանի օրհներգի ներքո տեղում բարձրացվեց նաև Եռագույնը: Ռաֆիկ Սարոյի Սիմոնյան Ծնվել է 28.11.1994թ.Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան գյուղում։ 2000թ. ընտանիքը տեղափոխվել է Մասիս քաղաք։ 6 տարեկանից պարապել է կարատե, իսկ հետագայում՝ բռնցքամարտ, ունեցել է բազմաթիվ նվաճումներ և հաղթանակներ: Ռաֆիկը 2011-2012թթ սովորել է Երեվանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ ունենալով մեծ հաղթանակներ: 2012թ. ընդունվել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական Պետական Ինստիտուտ՝ Բռնցքամարտի ֆակուլտետ: 2012-2014թթ. ծառայել է հայկական բանակում, որից հետո շարունակել է զբաղվել բռնցքամարտով: 2020թ. սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի հաջորդ օրը, Ռաֆիկ Սիմոնյանը հարազատներից ծածուկ, որպես կամավոր մեկնել է Սիսիան՝ հրետանային դիվիզիոն: Հոկտեմբերի 7-ին կամավոր մեկնել է Արցախ, եղել են Կարմիր շուկայի տարածքում, այնուհետև հրետանային մարտկոցի կազմով մասնակցել է Ֆիզուլիի, Հադրութի, Մարտունու պաշտպանական մարտերին: Նոյեմբերի 7-ին հերոսի մահով ընկել է Ննգի գյուղում՝ հրետանային արկի պայթյունից: