Նախկինների թալանի դեմ պայքարի խոստումով իշխանության եկած փաշինյանական թիմը ոչ միայն նախկիններից ավելի շատ է թալանում ու մսխում երկրի բյուջեն, այլեւ՝ սերտ համագործակցում է «նախկին թալանչի» կոչվածների հետ, ովքեր որոշակի ծառայություններ են մատուցում իրենց, ենթարկվում են իրենց կամայականություններին եւ հլու հնազանդ կատարում տարբեր հրահանգներ: «Հրապարակն» անդրադարձել է Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին, գրել է, որ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը իր մոտ է կանչել տարածաշրջանի նախկին ՀՀԿ-ական գյուղապետերին եւ, հիշեցնելով նրանց նկատմամբ հարուցված մի շարք քրեական գործերը, պարտադրել է, որ նրանք որպես ավագանու թեկնածուներ մտնեն ՔՊ-ի համամասնական ցուցակ եւ անհրաժեշտ քվեներ ապահովեն կուսակցության համար: Իսկ «լավ» չաշխատողներին Թեւոնյանը սպառնացել է, որ քեական գործերն ընթացք կստանան եւ իրենց վերջը վատ կլինի…Արդյունքում, ՔՊ-ի համամասնական ցուցակի 61-ից 11-ը համայնքապետեր են, որոնք հիմնականում եղել են նախկինում ՀՀԿ-ական, հիմա դարձել են ՔՊ-ական ակտիվիստներ: Բերենք մի քանի օրինակ. Արեւաբույր համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը, ով մինչեւ Փաշինյանի իշխանության գալը ակտիվ ՀՀԿ-ական էր եւ ընտրությունից ընտրություն ամեն ինչ անում էր իր կուսակցական «բոսերին» գոհացնելու համար, իր կնոջը գրանցել է որպես գյուղապետարանի պահակ: Աշխատավարձն ստանում էին, աշխատանքային ստաժը գրվում էր, բայց հո գյուղապետի կինը չէ՞ր գնալու գյուղապետարանում պահակություն աներ. նա չի աշխատել: Մանուկյանի նկատմամբ այս առիթով հարուցվել է քրեական գործ: Գեղանիստ համայնքի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանը, շրջանցելով օրենքը, գյուղապետարանի բյուջեից գումարներ էր դուրս գրել այլ համայքների բնակիչների անունով: Նրա վրա նույնպես հարուցված է քրեական գործ: Քրեական գործ է հարուցված նաեւ Արգավանդ համայնքի ղեկավար Գագիկ Օդուլխանյանի նկատմամբ: ՔՊ-ի համար ակտիվորեն աշխատում է Գետափնյա համայնքի ղեկավար Մկրտիչ Ազատյանը, որն ապօրինաբար սեփական շինություն է կառուցել բարձրավոլտ էլեկտրակայանի մոտ ու կանգնել մեծ խնդրի առաջ. շինությունը չի կարող օրինականացվել: Սրանք ավագանու թեկնածուների վրա իշխանության ձեռքին եղած կոմպրոմատների մի մասն են: Ահա այսպիսի «փորձառուների» թիմով է թալանի դեմ պայքարի խոստումով իշխանության եկած ՔՊ-ական թիմը գնում ընտրության: Սոնա Մանվելյան