Մասիսում ուրվագծվում է հաղթողի ամենահավանական թեկնածուն

2021-11-24 15:32:54 1225 դիտում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն էլ Արարատի մարզի Մասիս համայնքն է: Մասիսում համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է, ով մարզպետ Թեւոնյանի ընկերն է։ Թեւոնյանը Հայրապետյանի պատճառով ամիսներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ ՔՊ-ում դեմ էին, որ Սայեն Հայրապետյանը գլխավորի ցուցակը՝ համարելով վերջինիս կառավարչական հմտություններից զուրկ թույլ թեկնածու, ով անչափ ոչ շահավետ է դիտվում երիտասարդ և փորձառու մրցակցի ֆոնին: Բայց մարզպետը հաղթեց եւ հետ վերցրեց դիմումը, ու, ըստ էության, այս ընտրությունները քննություն են լինելու նախեւառաջ իր համար։ Սայեն Հայրապետյանն էլ իր հերթին, կարծես թե, պարգևատրվում է՝ հեղափոխությունից հետո վարչապետի «թասիբին» կանգնելու համար: Հիշեցնենք, որ վերջինս հայտնվել էր մի շարք պատմությունների կիզակետում, երբ վիճաբանությունների մեջ էր հայտնվել Նիկոլ Փաշինյանի «թասիբը» պաշտպանելու համար: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, ով 2016 թվականի նոյեմբերից ստանձնել է Մասիս քաղաքի ղեկավարի պաշտոնը և ունի քաղաքի ղեկավարման երկար տարիների հաջողված փորձ: Համբարձումյանին առավելություն է տալիս նաև այն, որ նրա ղեկավարած դաշինքում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդ, իրենց գործում հաջողություններ գրանցած, բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել Մասիսում։ Բացի այդ, Համբարձումյանը այն եզակի քաղաքապետերի թվին է դասվում, ովքեր ընտրապայքարի ընթացքում բացառել են հետընտրական հնարավոր կոալիցիան ՔՊ-ի հետ, ինչն անչափ էական հանգամանք է` հիշելով, օրինակ, Գյումրու ընտրությունների արդյունքը: Հաշվի առնելով մրցակիցների թույլ և ուժեղ կողմերը՝ կարելի է արձանագրել, որ ՔՊ մտավախությունները սին չէին, և Դավիթ Համբարձումյանն ունի դեկտեմբերի 5-ին հաղթելու բոլոր շանսերը:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված