Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանի շնորհավորական խոսքը քաղաքի օրվա առթիվ

2021-09-07 03:28:12 593 դիտում
Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր Մասիսը, քանզի մենք ենք պատասխանատու մեր քաղաքի ապագայի համար:

Հարգելի՛ մասիսցիներ, իմ մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ «Մասիս քաղաքի օրվա» առթիվ: Չնայած երիտասարդ տարիքին՝ Մասիսը պատմական հարուստ անցյալ ունի, որը պետք է լինի ուղենիշ մեր ներկայի և ապագայի կերտման ճանապարհին: Սիրելի՛ մասիսցիներ, Արդեն 5 տարի է, ինչ մեր հարազատ քաղաքի խնդիրներն ու դժվարությունները հաղթահարում ենք միասին: Միասին ուրախանում ենք յուրաքանչյուր ձեռքբերման, իրագործված ծրագրի և մտահոգվում դեռևս չլուծված խնդրի համար: Այո, անելիքներ դեռ կան, բայց շատ են նաև կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ մեր քաղաքը նոր շունչ է ստացել, և այս ամենում իր լուման ունի ձեզանից յուրաքանչյուրը: Մասիսը թանկ ու հարազատ է յուրաքանչյուրիս համար. մեկի համար հարազատ վայր է, մյուսի համար՝ ծննդավայր, մեկը ուրախանում է մեր քաղաքի առաջընթացով, մյուսը՝ մտահոգվում որևէ խնդրի համար, և մեզանից յուրաքանչյուրն իր մեջ կրում, պահում է Մասիսի մի մասնիկը: Ջերմորեն շնորհավորելով Քաղաքի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը համակված լինի լավատեսությամբ և մեր սիրելի քաղաքը զարգացնելու ու շենացնելու ձգտումով: Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր Մասիսը, քանզի մենք ենք պատասխանատու մեր քաղաքի ապագայի համար: Թող լուսաբացերդ միշտ լինեն խաղաղ, և անդորրդ լցվի միայն մանկան ճիչով: Տոնդ շնորհավո՛ր, Մասի՛ս։