Մասիսի ոստիկանները հայտնաբերել են 3 տարի առաջ անհայտ կորած տղամարդուն

2021-09-05 14:36:20 1300 դիտում

2018 թ. փետրվարի 7-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Կուրթան գյուղի բնակիչ Արմեն Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Նրան հայտնաբերելու, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք չէին տվել։ 2018 թ. փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Արմեն Նալբանդյանի նկատմամբ, որպես անհայտ կորած, հայտարարվել էր հետախուզում: Դեպքից երեք տարի անց՝ 2021 թ. սեպտեմբերի 3-ին, ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Կենտրոնական խաչմերուկում կասկածելի տղամարդ կա: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա տարիներ շարունակ Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Արմեն Նալբանդյանն է։ Նա ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։