Խարդախությունների դեպքեր են բացահայտվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

2023-03-07 09:05:52 332 դիտում

Փետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Նախորդ օրը նա համացանցում կարդացել էր հայտարարություն և, երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար, վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Վարկը չէր ձևակերպվել, փոխանցված գումարն էլ խաբեությամբ հափշտակվել էր:Հաղորդումն ուղարկվել էր Սյունիքի մարզային քննչական վարչություն, ձեռնարկվել էին միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Նույն բովանդակությամբ հաղորդում ստացվեց նաև փետրվարի 24-ին. 22-ամյա մի երիտասարդից խարդախությամբ հափշտակել էին 126 հազար դրամ: Իսկ փետրվարի 28-ին հաղորդում ստացվեց ոստիկանության Մեղրիի բաժնում: Նույն մեխանիզմի կիրառմամբ 40-ամյա մի կնոջից հափշտակել էին 60 հազար դրամ: Վարկած առաջ քաշվեց, որ բոլոր դեպքերում խարդախը նույն անձն է: Սկսվեց համագործակցված աշխատանք` խարդախությունները բացահայտելու ուղղությամբ: Իսկ մարտի 3-ին բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները: Նրանք հենց այդ օրը ստացան հաղորդում 42-ամյա մի կնոջից. նույն կերպ նրանից հափշտակել էին 45 հազար դրամ: Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ խարդախությունը կատարել էր Մասիս քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Մարտի 6-ին երիտասարդը հայտնաբերվեց, տեղափոխվեց Կապանի բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել վերոհիշյալ բոլոր խարդախությունները: Պարզվեց նաև, որ նա փետրվարի 2-ին 59-ամյա մի տղամարդուց նույն կերպ հափշտակել էր 91 հազար դրամ:Նախաձեռնվել է քրեական վարույթ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: