Խուլիգանություն գիշերային ակումբում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

2022-10-11 14:52:15 1147 դիտում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի Հայկ Բժշկյանց փողոցի գիշերային ակումբում վիճաբանություն էր եղել Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 34-ամյա մի բնակչի և երևանցի երկու եղբայրների միջև: Վիճաբանությունն այնուհետև շարունակվել էր դրսում: Եղբայրները ծեծի էին ենթարկել 34-ամյա արևաշատցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ ստացված տեղեկության՝ եղբայրները խուլիգանությունը կատարել էին գազային ատրճանակի գործադրմամբ: Դեպքի առթիվ հոկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հոկտեմբերի 10-ին 28-ամյա եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: