Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի թմրամիջոց է պահում, ըստ տեղեկությունների՝ սինթետիկ թմրամիջոց: Ապրիլի 18-ին նրա տան ննջասենյակում հայտնաբերվեցին բաց կապտագույն բյուրեղանման զանգվածով 4 փաթեթ և ապակե գլանակ՝ չորացած դեղնավուն հետքերով: Ըստ տանտիրոջ՝ պոլիէթիլենային փաթեթներում «ալֆա PVP» թմրամիջոց է, որն անձնական օգտագործման համար ձեռք էր բերել ապրիլի 13-ին՝ «տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ ապակե գլանակը նախատեսված էր թմրամիջոցն օգտագործելու համար: Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները պարզվում են: