Դավիթ Համբարձումյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ

2022-04-24 09:23:04 372 դիտում

Այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում և գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև: Խաղաղություն նրանց հոգիներին: Սակայն ապրիլի 24-ը սոսկ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օր չէ: Այս օրը մեր ժողովրդի ինքնության, մեր գենետիկ հիշողության կարևորագույն տարրերից է, որը միավորում է համայն հայությանն աշխարհի տարբեր ծայրերում: Մարդկության դեմ գործած այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար մեր պայքարն այսօր առավել, քան կարևոր ու արդիական է: Պետք է հասկանանք, որ չճանաչված և չպատժված ոճրագործությունները դրանց կրկնության համար պարարտ հող են դառնում, որ մեր հակառակորդը չի փոխվել, և այսօր էլ շարունակում է հայ ժողովրդին սեփական հայրենիքից, հայրենի հողի վրա ազատ ապրելու իրավունքից զրկելու իր ոճրագործ քաղաքականությունը: Դրա ակնհայտ ապացույցն ադրբեջանաթուրքական ագրեսիան է Արցախի նկատմամբ: Այս հանցավոր քաղաքականության դեմ պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի որ մեր պայքարն արդար է, և մեր պարտքն է սերունդներին փոխանցել անվտանգ ու հզոր հայրենիք: Վստահ եմ, որ միասնական պայքարով հասնելու ենք պատմական արդարության և կերտելու ենք մեր պետության ու ժողովրդի արժանավայել ապագան:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված