Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը

2022-04-16 16:32:34 130 դիտում

Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ մասիսցիներ, Ի սրտե շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ: Քրիստոսի հրաշափառ Հարությունը դարձավ մեր հավատի հիմքը, նոր կյանքի ճանապարհ՝ պայծառացած կենարար լույսով, մարդկությանը պարգևեց մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։ Դարեր շարունակ այդ հավատի շնորհիվ է ապրել ու հարատևել հայ ազգը՝ անցնելով բազմաթիվ փորձությունների ու դժվարությունների միջով։ Այդ հավատն է ապրելու և պայքարելու ուժ տալիս նաև այսօր, երբ դեռ թարմ են Արցախյան պատերազմի հետքերը, երբ կորսված է Արցախի զգալի մասը, երբ ունենք սահմանային անվտանգության հարցեր, երբ ծառացած են քաղաքական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Սիրելի՛ հայրենակիցներ, Թող Զատկական ճառագող լույսը լուսավորի յուրաքանչյուր հայ օջախ, և հարուցյալ Տիրոջ Սուրբ Աջը հովանի ու պահապան լինի յուրաքանչյուրին, հայ ազգին, Արցախ աշխարհին, Հայաստան երկրին: Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: