Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում կայացավ «Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026» բիզնես հանդիպումը, որը մեկ հարթակում համախմբեց մարզային և տեղական բիզնեսների ներկայացուցիչների, ձեռնարկատերերի և տարբեր ոլորտների մասնագետների։ Միջոցառման նպատակն էր ստեղծել միջավայր, որտեղ մարզերում գործող բիզնեսների ներկայացուցիչները կարող են ձեռք բերել կիրառելի գիտելիքներ, ծանոթանալ բիզնեսի զարգացման ժամանակակից գործիքներին, փոխանակել փորձ, ընդլայնել մասնագիտական կապերը և քննարկել համագործակցության հնարավորություններ։ «Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026»-ի օրակարգում ընդգրկված էին նեթվորքինգին, մարքեթինգին, տուրիզմին, ագրոբիզնեսին, արհեստական բանականությանը և անշարժ գույքին վերաբերող թեմաներ։ Գիտելիք՝ տարբեր ոլորտներից Միջոցառման ընթացքում ոլորտային ելույթներով հանդես եկան մասնագետներ, որոնք մասնակիցների հետ քննարկեցին բիզնեսի զարգացմանը վերաբերող գործնական հարցեր։ Հայկ Մարգարյանը՝ ՄԱԿ-ի Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնի և CTCN ցանցի ազգային համակարգող, International Chamber of Commerce National Committee Armenia-ի (ICC NCA) գործադիր խորհրդի անդամ, ներկայացրեց նեթվորքինգի դերը բիզնեսում և մասնագիտական կապերի ձևավորման հնարավորությունները։ Ծովինար Սարգսյանը՝ Առաջին Բիզնես Դպրոցի հիմնադիր-տնօրեն, խոսեց մարքեթինգի՝ որպես բիզնեսի աճի գործիքի մասին՝ անդրադառնալով մարքեթինգային մտածողության և ռազմավարության նշանակությանը։ Գեղամ Առաքելյանը՝ Destination Armenia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ներկայացրեց տուրիզմի զարգացման հնարավորություններն ու ոլորտի ներուժը։ Հայկ Մանուկյանը՝ «Դելտա Ֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր, անդրադարձավ ագրոբիզնեսին, պետական աջակցության գործիքներին և արտահանման հնարավորություններին։ Տիգրան Շադունցը՝ Prime LLC-ի համահիմնադիր, ներկայացրեց արհեստական բանականության կիրառման հնարավորությունները բիզնեսում։ «Անշարժ գույքի շուկան Հայաստանում» պանելային քննարկում Միջոցառման եզրափակիչ հատվածում անցկացվեց «Անշարժ գույքի շուկան Հայաստանում․ ոլորտի խնդիրներ, հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» թեմայով պանելային քննարկում։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի անշարժ գույքի շուկայի ներկա իրավիճակին, ոլորտի հիմնական խնդիրներին, զարգացման հնարավորություններին, ինչպես նաև Երևանի և մարզերի շուկաների առանձնահատկություններին։ Պանելային քննարկմանը մասնակցեցին՝ Ռուստամ Գրիգորյան՝ Calibri Group-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ, Սարգիս Ներսեսյան՝ Mixxup ընկերության տնօրեն և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի անդամ, Զավեն Մարուքյան՝ Reest Invest ընկերության հիմնադիր, «Արիաս» անշարժ գույքի գործակալության տնօրեն և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի անդամ, Վլադիմիր Խաչատրյան՝ «Լավ Առաջարկ» անշարժ գույքի գործակալության հիմնադիր և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի անդամ։ Քննարկումը վարեց Ռոզա Գրիգորյանը՝ PR մասնագետ։ Ալվարդ Հարությունյան․ «Մարզում բիզնես զարգացնելու համար հնարավորությունները պետք է ստեղծել նաև հենց տեղում» ««Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026»-ը կազմակերպելու գաղափարը ծնվեց այն համոզմունքից, որ մարզերում գործող բազմաթիվ բիզնեսներ ունեն զարգացման մեծ ներուժ, սակայն հաճախ բախվում են մի շարք սահմանափակումների՝ գործարար կապերի պակաս, ոլորտային փորձի և ժամանակակից գործիքների հասանելիության սահմանափակում, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների բացակայություն։ Այսօր բիզնեսի կայուն զարգացման համար կարևոր է ոչ միայն ունենալ լավ գաղափար կամ որակյալ արտադրանք, այլև լինել ճիշտ միջավայրում։ Ես ինքս Մասիսից եմ և տարիներ շարունակ աշխատելով մարքեթինգի ու բիզնեսների զարգացման ոլորտում՝ տեսել եմ, թե որքան մեծ ներուժ կա մարզերում։ Միևնույն ժամանակ, հաճախ բիզնեսի զարգացման հնարավորությունները կենտրոնացած են Երևանում։ Այս նախաձեռնությամբ ուզում ենք մեր փոքր ներդրումն ունենալ այդ միջավայրի փոփոխության մեջ՝ ստեղծելով հարթակներ, որտեղ մարդիկ կարող են հենց իրենց համայնքում հանդիպել, սովորել, կապեր ստեղծել և համագործակցության նոր հնարավորություններ գտնել։ Ինձ համար կարևոր է, որ սա լինի ոչ թե մեկանգամյա միջոցառում, այլ շարունակական նախաձեռնություն։ Ուզում ենք, որ Մասիսում և Արարատի մարզում գործարարների միջև կապերն ավելի ակտիվ լինեն, իսկ համագործակցության մշակույթը՝ ավելի բնական և հասանելի»։ Ալվարդ Հարությունյան Right Rule ընկերության հիմնադիր-տնօրեն Գործարար կապեր և համագործակցության հնարավորություններ Բովանդակային հատվածից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ազատ շփվելու, ներկայացնելու իրենց գործունեությունը, ծանոթանալու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ և քննարկելու հնարավոր համագործակցության ուղղություններ։ Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնության կարևոր նպատակներից մեկն է Մասիսում և Արարատի մարզում գործող բիզնեսների համար ստեղծել ոչ միայն գիտելիքի, այլև նոր գործարար կապերի և համագործակցության հնարավորությունների հարթակներ։ «Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026»-ը կազմակերպվել է Right Rule Digital Marketing Strategy & Solutions ընկերության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը աջակցել են On Level Studio-ն, Առաջին Բիզնես դպրոցը, Teach Me-ն, Zara Wedding Salon-ը, «Արվեստի և ռիթմի» պարի դպրոցը և Մասիսի համայնքապետարանը։ Կազմակերպիչները նախատեսում են նախաձեռնությունը դարձնել շարունակական՝ Մասիսում և Արարատի մարզում բիզնեսների միջև կապերի, փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը նպաստելու նպատակով։