Դավիթ Համբարձումյան․ «Ծառայելու եմ բնակչությանը, կուսակցությունը կապ չունի»

2022-03-17 15:53:46 396 դիտում

26 գյուղ և Մասիս քաղաքն ընդգրկող Մասիս խոշորացված համայնքի նոր ընտրված ղեկավար Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթած միակ ՀՀԿ-ական համայնքապետն է։ Հարցազրույցից օրեր առաջ են նշանակվել նոր գյուղապետերն ու հաստատվել բյուջեն։ Համայնքապետին ուղղված առաջին հարցը սա էր․ «Մեր համայնքում /Դարակերտ գյուղ/ դուք չեք հաղթել, սակայն շնորհավորում ենք, քանի որ առաջին անգամ իրական մրցակցային ընտրություն է եղել։ Չե՞ք կարծում, որ չլինեին հին, կարծրացած, նախկին գյուղապետերը, չէիք ընտրվի»։ «Ընտրարշավի ժամանակ էլ համոզվեցի, որ մարդիկ հոգնել էին արդեն»,- դիտարկման հետ համաձայնում է համայնքապետը։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններին, երբ իրականում երիտասարդ հանրապետականը հաղթեց ստաժավոր հանրապետական գյուղապետերին, մարդկանց պասիվությունը բազմաթիվ պատճառներ ուներ, բայց հաստատ չէին երազում հին բարքերի վերադարձ: Դավիթ Համբարձումյան քարոզողները շրջանցում էին նրա կուսակցական լինելը՝ որտե՞ղ տեսաք Սերժ, երիտասարդ է, մեր հարեւան գյուղացին է, աղբահանություն կկազմակերպի, քավորս է, գյուղերին ու Մասիսին լավ կնայի։ Խոշորացված համայնքի առաջին իրական ընտրությամբ կոտրվեց անհավատությունը, թե ժողովրդի ընտրելով, մեկ է, բան չի փոխվելու։ Հիշելով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խոսքը, թե մարզպետի կուսակցակա՞նը որն է, Դավիթ Համբարձումյանին հարցրինք, թե ի՞նչ կնշանակի կուսակցական համայնքապետ։ «Իհարկե, լինում է կուսակցական համայնքապետ։ Բայց ես դեկտեմբերի 5-ի գիշերն ասել եմ՝ քաղաքականությունը մոռանում ենք Մասիս խոշորացված համայնքում։ Ծառայելու եմ ազգաբնակչությանը, կուսակցական լինելը կապ չունի»,- պատասխանեց պարոն Համբարձումյանը։ Դավիթ Համբարձումյանն ընտրվելուց առաջ Մասիսի քաղաքապետն է եղել, իսկ խոշորացված համայնքը ներառում է նաև 26 գյուղ։ Ի՞նչ է արվել դեկտեմբերի 5-ից հետո, ի՞նչ խնդիրներ է գույքագրել։ Համայնքապետը հիշեցրեց, որ օրերս է հաստատվել համայնքի բյուջեն, սակայն պատկերացում ունի, թե ինչ հերթականությամբ և ինչպես է աշխատելու, և իր անձնական փորձը /գյուղում է մեծացել/ նկատի առնելով, ուզում է այնպես անել, որ համայնքը գրավիչ լինի երիտասարդի համար, չմտածեն գյուղը լքելու մասին։ Գյուղապետը կնստի՞ և ծրագիր գրի. Նորընտիր համայնքապետը դժգոհեց հին գյուղապետերից, որոնք տասնամյակներով ոչինչ չեն փոխել, շատ գյուղեր մանկապարտեզ անգամ չունեն, ուր մնաց երեխաների համար զբոսանքի վայրեր լինեն, երիտասարդների զբաղմունքի մասին ընդհանրապես խոսք չկա, գյուղերում փողոցներն աղբակույտերով են ծածկված և այլն։ Այն, ինչը անհնար է չտեսնել կամ համակերպվել։ «Իսկապե՞ս արդեն փող կա գյուղերի զարգացման ծրագրերի համար, ինչով էլ տարիներ շարունակ հիմնավորվում էր խոշորացումը». համայնքապետին ուղղված հարցը հետաքրքրում է բոլորին։ «Սուբվենցիոն շատ լավ ծրագրեր են արվել անցյալ տարի Մասիսում։ Ճիշտ կառավարման դեպքում շատ բնակավայրերում, անգամ փոքր գյուղերի համար փող կա, և հնարավոր է աշխատանք իրականացնել։ Մի բայց կա՝ գյուղապետը պետք է նստի և ծրագիր գրի։ Գյուղեր կան, զարգացած են, կա, որ գործ արած չէ, կառավարման խնդիր է եղել։ Բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումն իմ նախընտրական խոստումն է»,-ներկայացնում է համայնքապետը Թեև աշխատատեղերի հարցը համայնքապետի պարտականության մեջ չի մտնում, սակայն նա լավ լուր ունի՝ Ռուսաստանի հայերը Մասիսում պահածոների գործարան են հիմնելու։ Դավիթ Համբարձումյանի խոսքով՝ խոշորացված համայնքի բնակիչները շուտով կտեսնեն այդ փոփոխությունները՝ գյուղերում զբոսայգիների հիմնում, նաև եկեղեցիների կառուցում։ Ասֆալտապատում կարվի, ճանապարհների եզրերի «բազմամյա գոնգոզ փշերը» կմաքրվեն և այլն։ Այս ամենը շատ լավ, բայց կա մի բայց։ Հարց – Բայց գյուղապետերը չսեփականացրած տեղ, հող թողե՞լ են։ Պատասխան – Չէ... Գայանե Մկրտչյան