Սույն թվականի մարտի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մասիսի համայնքապետարանում կանցկացվի համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտերի հանրային քննարկում: Ծրագրերում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը և համայնքապետարանի աշխատակազմը կարևորել և կարևորում են նախադպրոցական հաստատությունների դերը, և ծրագրերի մշակման ժամանակ առաջնահերթությունը տրվել է այս կրթօջախներին: Սուբվենցիոն հայտերից մեկը վերաբերում է համայնքի մի քանի բնակավայրերում մանկապարտեզների կառուցմանն ու նորոգմանը: Նախատեսվում է․ 1․Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզը 80-ական թվականների կառույց է և երբևէ չի հիմնանորոգվել, հաճախում է շուրջ 120 երեխա, սակայն գործող երկու մասնաշենքերն իրար կապող հատվածն ամեն օր փլուզման եզրին է: Մանկապարտեզի հիմնանորգման դեպքում կգործի 8 խումբ՝ շուրջ 240 երեխա: 2․ Մասիս քաղաքի 7-րդ մանկապարտեզը գտնվում է Մասիս կայարան հատվածում, 80-ական թվականներից երբևէ չի նորոգվել, այս պահին գործում է երկու խումբ՝ 60 երեխա: Հիմնանորոգումից հետո կգործի 8 խումբ՝ 240 երեխա: 3․ Դարակերտ գյուղում գործում է երեք խմբանի մանկապարտեզ, սակայն պահանջարկը մեծ է 4 խումբ ստեղծելու, անհրաժեշտ է գործող մանկապարտեզին կից մեկ խումբ կառուցել: 4․ Դաշտավան համայնքում մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել է, սակայն երբևէ չի շահագործվել, անհրաժեշտ է մանկապարտեզի տարածքը ցանկապատել և բարեկարգել: 5․ Հայանիստ գյուղում գործող մանկապարտեզը հանդիսանում է 4-րդ կարգի վթարային մանկապարտեզ, անհրաժեշտ է քանդել և թեթև կոնստրուկցիաներով կառուցել նորը: 6․ Նիզամի գյուղում գործում է նախակրթարան, համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը հիմնանորոգելուց հետո կգործի մանկապարտեզ: 7․ Արևաբույրում մանկապարտեզը տեղակայված է համայնքապետարանի վարչական շենքում: Համայնքների խոշորացումից հետո վարչական շենքն ամբողջությամբ հատկացվելու է մանկապարտեզին, և հիմնանորոգումից հետո կգործի 3 խումբ ունեցող մանկապարտեզ: 8․ Նոր Խարբերդում կա թեթև կոնստրուկցիաներով նոր մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտություն: Մասիս խոշորացված համայնքում հազարավոր երեխաներ զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Ծրագրի իրականացմամբ բազմաթիվ երեխաներ կունենան մանկապարտեզ այցելելու հնարավորություն: Հարգելի՛ բնակիչներ, Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: