ՄԱՍԻՍԻՑ՝ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ․ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

2026-08-12 15:18:08 174 դիտում

Մասիսի համայնքապետարանի 5-րդ հարկում գտնվող Էքս-ան-Պրովանսի անվան երիտասարդական կենտրոնը կրկին մարդաշատ էր․ նշվեց Երիտասարդության միջազգային օրը։ Օրվա խորհրդին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Մասիսի համայնքապետարանը, «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ» սոցիալ- կրթական հասարակական կազմակերպությունը և «Էրազմուս Ուսանողական Ցանց Երևան» (ESN Yerevan) հասարակական կազմակերպությունը։ Միջոցառմանը ներկա էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր և բազմաթիվ երիտասարդներ։ Նրանց ողջունեցին և օրվա առթիվ շնորհավորեցին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը՝ կարևորելով երիտասարդների դերը համայնքի զարգացման, նոր գաղափարների առաջմղման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում։ «Միջազգային երիտասարդական համագործակցության հարթակ» խորագրով միջոցառման նպատակն էր խթանել երիտասարդների միջազգային համագործակցությունը, ներկայացնել կրթական, կամավորական և երիտասարդական ծրագրերի ընձեռած հնարավորությունները, նպաստել փորձի փոխանակմանը և ձևավորել նոր համագործակցային կապեր։ Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց գործունեությունը, միջազգային ծրագրերն ու երիտասարդների համար նախատեսված մասնակցության հնարավորությունները։ Տոնական և հագեցած օրվա ընթացքում երիտասարդները չմոռացան նաև իրենց շնորհակալությունը հայտնել համայնքապետարանին՝ երիտասարդների նկատմամբ ցուցաբերած ուշադրության, աջակցության և հոգածության համար։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված