Մասիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2022-02-28 13:52:08 747 դիտում

Փետրվարի 15-ին Մասիսի ոստիկանները Արևաբույր գյուղից բերման ենթարկեցին 51-ամյա մի տղամարդու: Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր: Հետագա միջոցառումներով գրեթե բոլոր տարբերակներն էլ հաստատվեցին: Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակյա երեք տարա՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Ոստիկանները նաև տեղեկություն ունեին, թե թմրանյութն ինչու էր տարբեր տարաներում: Տղամարդը հավատացրեց, որ մի տարայի պարունակությունը իր հողամասում աճեցրած կանեփից քաղած ու պատրաստածն է: Իսկ ըստ ոստիկանների օպերատիվ տվյալի` մյուս երկու տարաները տղամարդը գնել էր համագյուղացուց և դրանցից մեկը պիտի փոխանցեր այլ անձի: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 17-ին խուզարկվեց 51-ամյա տղամարդու տունը: Նույն թմրամիջոցի որոշ քանակ հայտնաբերվեց նաև բակի անսարք սառնարանի միջից: Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: