Այսօր Մասիս խոշորացված համայնքում նշվեց Բուն Բարեկենդանի տոնը

2022-02-27 08:33:57 990 դիտում

Այսօր Բուն Բարեկենդանի տոնն է: Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն Բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն Բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է: Բուն Բարեկենդանը հայոց հնագույն տոներից է, որը հայ եկեղեցու սահմանած Բարեկենդաններից գլխավորն է և տոնվում է Զատիկից յոթ շաբաթ առաջ: Հնում Բուն Բարեկենդանին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում, տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին ու հյուրերին: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը՝ մեծ և փոքր: Չնայած ամենուր դեռ ձյուն էր, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ անձնատուր լինեն զվարճություններին: Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիները առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին՝ «գնդակ» խաղալու: Երիտասարդները «Սուրմագիլի» կամ «Կունդի» էին խաղում: Աղջիկներն առանձին խումբ էին կազմում և «Ճլորթի» էին ընկնում: Այդ ամենը զուգորդվում էր ինքնատիպ զբոսախնջույքներով, երգ-երաժշտությամբ: Տոնի խորհրդով պայմանավորված՝ Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի Թեմը կազմակերպել էին հոգևոր-մշակութային միջոցառում: Սուրբ Թադեոս եկեղեցու բակում հավաքվածներին ողջունեց և օրհնության խոսք հղեց Տեր Մխիթար քահանա Ալոյանը: Այնուհետ ներկայացվեց տոնի խորհուրդը, ազգային սովորույթները: Երաժշտական գեղեցիկ կատարումները լցրեցին ու ամբողջացրին տոնական միջոցառումը, որի ընթացքում երեխաները հասցրեցին նաև նկարել: Եվ նկարներում անգամ փոքրիկները խաղաղություն են ուզում:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված