Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. Մասիսի ոստիկանների բացահայտումը

2022-02-25 16:15:36 937 դիտում

Փետրվարի 25-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00.10-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում 57-ամյա տղամարդու «Միցուբիշի» մակնիշի մեքենայում վիճաբանություն է եղել նրա և 44-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում 44-ամյա տղամարդը դանակահարել է 57-ամյա համաքաղաքացուն: Ժամը 02.05-ին 44-ամյա մասիսցին բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է, որ ինքն է դանակահարել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն: