Երկարատև դադարից հետո այսօր իր դռները բացեց Մասիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզը: Նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, Ֆոքըս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ /որոնց աջակցությամբ կահավորվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունը/, համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տ. Բաբախանյանը, հյուրեր, ծնողներ: Ներկաները շրջեցին մանկապարտեզում և գոհունակությամբ արձանագրեցին, որ փոքրիկների առօրյան կանցնի բարեկարգ ու կահավորված կրթօջախում: Շնորհակալություն հայտնելով բարերարներին շարունակական համագործակցության համար՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը նշեց, որ այս մանկապարտեզի կառուցումը մեծ ձեռքբերում է Մասիս քաղաքի համար, և առաջիկայում կհիմնանորոգվեն համայնքի մի քանի այլ մանկապարտեզներ նույնպես: