Արտակարգ իրավիճակ Մասիս քաղաքում. բնակիչներն ասում են. «Վեոլիա Ջրի» որոշ պաշտոնյաներ կարծես «սադիստ» լինեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2021-06-07 13:56:51 2293 դիտում

Արդեն տևական ժամանակ է, Մասիս քաղաքի 5-րդ փողոցում դիտահորերից դուրս թափվող կոյուղաջրերը հոսում են ոչ միայն փողոցով, այլ նաև՝ լցվում բնակիչները տները: Այսօր՝ հունիսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Արդեն հոգնել ենք «Վեոլիա-Ջրին» դիմելուց: Ի՞նչ աստիճանի քար անտարբերություն ցուցաբերեն էդ ընկերությունում նստած պաշտոնյաները, որ բառերով չենք ուզում ասել: Կարելի է ասել, որ մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Կարելի է ամենավերջին խոսքերն ուղղել դրանց հասցեին: Մարդն ի՜նչ աստիճանի անսիրտ լինի, որ նման դաժան վերաբերմունք ցուցաբերի իր իսկ սպառողի նկատմամբ: Վճարումները կանոնավոր անում ենք, մեկ օր ուշացնենք, յոթգլխանի հրեշի նման կգան, կչոքեն մեր դռներին: Բա հիմա էս հակահիգիենիկ վիճակի, խոլերա հասունացող համաճարակի համար ո՞ւմ դիմենք, որ վերջապես սայլը տեղի շարժվի: Մենք այն համոզմանն ենք, որ «Վեոլիա-Ջրում» երևի ավելի շատ մեռած հոգիներ կան, քան՝ իրականում քաղաքացու մասին մտածող: Մասիսի քաղաքապետարանի աշխատողները, գիտենք, որ դրանց հետ շուն ու կատու են դարձել, բայց դե, քաղաքապետարանն անզոր է: Երևի կառավարությունն էլ է անզոր, որ «Վեոլիա Ջուրը» նման անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ՀՀ քաղաքացու նկատմամբ: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մասիսի քաղաքապետի տեղակալն էլ հայտնեց, որ խնդիրը ոչ միայն նշված փողոցում է, այլ նաև՝ քաղաքի մի քանի փողոցներում, ու իրենք բազմաթիվ անգամ՝ թե բանավոր, թե՝ գրավոր, դիմել են «Վեոլիա Ջուր», սակայն այդ մարդիկ երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու հրաժարվում են բնակչի պրոբլեմը լուծել: «Չգիտենք, թե ինչ լծակ օգտագործենք, որ դրանք իսկականից սրտացավ մոտեցում ցուցաբերեն»:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված