Արդեն մի քանի օր է, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հանձնարարությամբ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի, Արարատի, Վեդիի, Արտաշատի և Երևան քաղաքի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկներ շուրջօրյա աշխատանքներ են իրականացնում Մասիս քաղաքին հարակից՝ ժողովրդին հայտնի Մասիսի աղբավայրում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 22-ին նշված աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ, որ անգամ տեսանելի էր մայրաքաղաքի տարբեր հատվածներից, հսկայական աշխատանքներ են կատարել հրշեջ-փրկարարները, որոնց աշխատանքին խանգարում էր անգամ ուժեղ քամին: Երեկ՝ մայիսի 27-ին, ԱԻ նախարար Ա. Փիլոյանի հանձնարարականով հերթական անգամ աղբավայր այցելեց փրկարար ծառայության տնօերն Արմեն Գասպարյանը, ով հետախուզական աշխատանքներ կատարեց իր հետ բերված դրոնով, քանի որ աղբավայրի ողջ տարածքը կազմում է 4 հեկտարից ավելի և ժամեր էին պետք, որպեսզի կրակի օջախները հայտնաբերվեին: Երեկ հրշեջ-փրկարարներին իր օգնությունն է առաջարկել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում հանձնարարականով 2 օր առաջ հրշեջներին միացել էին Մասիսի քաղաքապետարանի ծառայողները: Հրդեհի մարման համար օգտագործվել է մոտ 600 տոննա ջուր ու դեռ այս պահին էլ աշխատանքները շարունակվում են: Հարցի լուծումը կկայանա այն դեպքում, երբ Մասիսի աղբավայրը վերջնակապանապես փակվի ու արգելվի այնտեղ ցանկացած տիպի աղբ թափելը, ինչը նաև խթան կդառնա, որպեսզի Մասիս քաղաքն ու դրան հարակից մեկ տասնյակից ավելի գյուղեր փրկվեն էկոլոգիական աղետից: