Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հանդիպեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները կատարող փ/ծ գնդապետ Ա. Խաչատրյանի, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Բ. Դանիելյանի, փրկարարական ծառայության ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին համայնքում հրդեհների կանխարգելման, գետի հունի մաքրման աշխատանքների, հեղեղումների հետ կապված հարցեր: Հակահրդեհային միջոցառումների շարքում առանձնացվեց համայնքում հրշեջ հիդրանտների տեղադրումը: Հանդիպման ընթացքում կարևորվեցին համայնքում ազդարարման շչակների տեղադրման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի նկուղների մաքրման հարցերը, քանի որ դրանց որոշ մասը հանդիսանում են որպես ապաստարաններ: Խոսվեց նաև առաջիկայում նախատեսվող ուսումնավարժանքների մասին: Համայնքի ղեկավարը նշեց, որ քննարկված հարցերը մշտապես գտնվել են ուշադրության կենտրոնում, և քայլեր են ձեռնարկվել դրանց լուծման ուղղությամբ: Դ. Համբարձումյանը վստահեցրեց, որ այսուհետ նույնպես շարունակվելու է սերտ համագործակցությունն ինչպես Մասիսի հրշեջ-փրկարարական կառույցի, այնպես էլ մարզային փրկարարական վարչության հետ: