Արսեն Հարությունյանը ընդգրկվել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների շարքում

2021-12-21 12:53:22 658 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել. Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ Դանիելյան Էլինա –շախմատ Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն Լալայան Վարազդատ – ծանրամարտ Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ Մինասյան Գոռ - ծանրամարտ Չալոյան Դավիթ - բռնցքամարտ 2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ձևավորվել է շատ ուժեղ տասնյակ. «Կարծում եմ՝ շատ օբյեկտիվ և շատ ուժեղ տասնյակ է: Շատ արժանի մարզիկներ են տասնյակում և նրանք կստանան պետության կողմից սահմանված մրցանակները: Մարզիկները տասնյակում դասավորվել են ըստ այբբենական կարգի. որևէ նախընտրություն կամ առավելություն մեկը մյուսի նկատմամբ չունեն: Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Նրանք, ովքեր չընդգրկվեցին տասնյակում, ընկճվել պետք չէ: Պետք է ուղղակի լավ մարզվել, լավ արդյունքներ ցույց տալ, օբյեկտիվորեն հավակնել ու լինել լավագույն տասնյակում»: Հիշեցնենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված